Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Անարդարության խարանը

Անարդարության խարանը
26.10.2025 | 12:22

Երբ հենց իր ծննդյան օրը խաբեությամբ ձեռնաշղթաները հագցրին, նրան թվաց՝ մահ կնքեցին իր թևերին։

Հետո․․․ Հետո արճճի պես ծանր դռների շրխկոց, որն իջավ ուղի՜ղ սրտին, անմեղ սրտին ու ինքը դարձավ մեղավոր։

Շրջվեց անզոր մարդը աշխարհից, շրջվեց դեպի բանտախցի արևկող պատուհանը, որտեղից տարիներ շարունակ դիտում էր բնության հեռուն, որպեսզի չխելագարվի ու չխլանա իր ներսի առյուծի անզոր ու գազանային մռնչյունից, թիկուքում փակված դռների սահմռկեցուցիչ ծանրությունից և ուրիշի մեղքը ամենադաժան անարդարությամբ կրելու համակերպումից։

Հետո․․․ Հետո անարդար ցավից քարացավ Մարդը, մնացին ինքն ու ճակատագիրը։

Հետագա տաժանակիր տարիները Նրա համար դարձան բողոքի, արդարությունը վերականգնելու, մեղավորի անարդար խարանը իր մեջքից մաքրելու պայքար,

խեղդվողի ճիչ, բայց որձաքարի պես կարծրացած պատկան մարմինների խղճի ականջները փակ էին, հոգին՝ վճարված։

ՈՒ նորից մնում էին ինքն ու պատուհանը, որտեղից ներս ընկած արևի թույլ շողը տառապանքի սփոփանք էր։ Թեև շղթայված հոգուն էլ ի՞նչ սփոփանք։

Անսահման երկար էր կանգնում պատուհանի մոտ. այդտեղից արևոտ դուրսն էր, սարերի հեռուն էր, ու արդարություն երազողի իր թափառական ու ծանր մտքերն էին։

Շրջվել չէր ուզում։ Հետևում աշխարհից, արդարությունից, կյանքից ու գեղեցիկ ընտանիքից զատող չորս տակ փակված դռներն էին, մոր սիրտ դաղող անճար այցելություններն էին, աղոթքներն ու օրհնությունները, որոնք ամեն այցելության ժամանանակ շաղ էր տալիս դրսի դռան պահակների, հսկիչների ու իր համար կարևոր թվացող անարժան մարդկանց ոտքերի տակ, մտածելով, որ․․․ որ էդ բոլորը կաղերսվեն արդարության աչքերի ու խղճի հետ, և որդին կգտնի իր արդարությունը, բա՞յց․․․ Ցավալի բայց։

Վերջապես՝ երազած ազատությունը։

ՈՒ թվում էր՝ ազատության մեջ ավելի հեշտ կլինի գտնել արդարության բանալին և բացել ճշմարտւթյան դուռը, որտեղ իր լույսի պես մաքուր կենսագրությունն էր, անմեղության վարկածը, որը խաբեությամբ ու անողոքաբար թալանել էին իրենից, շղթայել ինը երկար ու ձիգ տառապալի տարիների մեջ։

Բայց նրա առջև յոթնապատիկ փականքներով ավելի ամուր գոցվեցին դեպի արդարություն տանող դռները և կյանքը նրան նորից հանձնեց աշխարհի պղտոր և հոգեկործան ալիքներին, որտեղ անողոքաբար ճոճվում էին կործանված հույսն ու իր դշխեմ ճակատագրի անզոր թևերում սպանված հավատը։

Ներքաշվեց մարդն իր լռության խոկումների մեջ, երբեք ոչ ոքի բեռ չդարձրեց իր տառապանքները, տվեց ու առավ, անքուն գիշերներ լուսացրեց, բայց առավոտյան նորից ժպտաց իրեն նայող մարդկանց, պատրաստակամ օգնության ձեռք մեկնեց։

ՈՒ որքան էլ արևոտ հայացքով էր նայում մարդկանց, միևնույն է, անարդարության ու խաբեության ցավից կնճռոտվում էր դյուրազգաց հոգու աշխարհը, բաց ու սպիտակ ճակատը։

Ինքն իր ներաշխարհի մեջ սուզված՝ երկար էր քայլում, դառնացած հոգու մեջ մի մեծ հարցական՝ մի՞ թե երկնքի ու երկրի դաշնության անսահմանության մեջ չկա իր արդարությունը գտնելու մի լուսաշող ելք, սպանող խարանը իր արդար ուսերից վերցնող չապականված ձեռք։

Հետո... հետո որքան էլ նրան ճանաչողները, որպես ամենաարդար վճիռ, անսահման սիրով ու նվիրվածությամբ շրջապատեցին, միևնույն է, չսպիացավ նրա հոգու չփակվող վերքը, չավարտվեց պայքարն իր արդարությունը վերականգնելու, իր անմեղ ուսերից հանելու անարդար վճիռը։

Եվ շատ հաճախ իր հոգու ցավը թղթին էր հանձնում.

Ապրեցի կյանքս բոլորի համար,

Բոլորի համար իրենցը եղա,

Բոլորի համար եղա ես հարմար,

Միայն իմ կյանքում ես իմը չեղա․․․

Ինձանից խլի, տվի ուրիշին,

Մտածում էի՝ Աստված է տալիս․

Մտածում էի՝ մի օր կհիշեն,

ՈՒրիշին կօգնեն հպարտ, պարզերես․․․

Միգուցե ոմանք ինձ ճիշտ հասկացան,

Կյանքը սիրեցին, բարի մարդ դարձան։

Ոմանք հղփացան, վերև բարձրացան,

Դրանք այդպես էլ ինձ չհասկացան․․․

Չգիտեմ ինչու՞, ես իմը չեղա,

Օ՜, Աստվա՛ծ, մեղա՛,

Բոլորի համար իրենցը եղա,

Կյանքում այդպես էլ ես իմը չեղա․․․

Սաթեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ